«Վերածնվող Հայաստան» կուսակցություն

Մենք՝ մտածող, նախաձեռնող, սոցիալապես ակտիվ, ազգային արժանապատվության և միասնության վերաբերյալ ընդհանուր գաղափարները կիսող քաղաքացիներս, որոնք համոզված են, որ աշխատող մարդը չպետք է աղքատության մեջ ապրի, իսկ պետությունը պիտի կանգնած լինի ամեն մի քաղաքացու մեջքին,

hայտարարում ենք ընդհանուր բարեկեցության կապիտալիզմի սկզբունքների վրա հիմնված «ՎԵՐԱԾՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության ստեղծման մասին

Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր

Մեր նպատակն է՝ Վերածնված Հայաստանը. համատեղ արդյունավետ ջանքերով ստեղծված մի ժամանակակից երկիր, որտեղ ամեն մեկի համար ապահովված կլինի անվտանգ, արժանապատիվ և բարեկեցիկ կյանք։ Մի երկիր, որն իր արժանի տեղը և դիրքը կզբաղեցնի աշխարհում։

Մեր տեսլականն է Վերածնված Հայաստանը, որը կդառնա համայն հայության շահերի և հետաքրքրության խաչմերուկը։ Մենք կոչ ենք անում հանգամանքների բերումով աշխարհով մեկ սփռված հայ ազգին միավորվել մեր ազգային պետության շուրջ՝ դրա վերածնման և կառուցման գործում, սատարել Հայաստանին գոյության իր մեծ պայքարում և հայ ազգի հարյուրավոր սերունդների՝ հզոր, անկախ, ազգային պետության կերտման ձգտման մեջ։

Հայ ազգի՝ սեփական ինքնիշխան պետություն ստեղծելու իրավունքն անսասան է։ Սեփական ինքնիշխան երկրում սեփական ճակատագրի տերը լինելը հայ ազգի, ինչպես և ցանկացած այլ ազգի, բնական իրավունքն է, և այդ իրավունքը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմք։

Երկրի համար այս օրհասական պահին մենք հավատում ենք Վերածնվող Հայաստանի զարգացմանը՝ ոչ ստանդարտ մոտեցումներ կիրառելու միջոցով։ Մենք համարում ենք, որ երկարաժամկետ կայուն զարգացման հիմքը շատ կոնկրետ խնդիրների լուծմանն ուղղված ներքին և արտաքին՝ նյութական, մարդկային և հոգևոր, ռեսուրսների աննախադեպ մոբիլիզացիան է։

Անվտանգություն

Մենք համոզված ենք, որ վերածնված պետությունը հիմնվում է հզոր բանակի և անսասան սահմանների վրա։ Մենք համոզված ենք, որ Վերածնված Հայաստանը ունակ է արձագանքել ցանկացած մարտահրավերի և պաշտպանել իր քաղաքացիներին ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Հայաստանի հարևանական միջավայրն առաջին հերթին գոյատևման մարտահրավեր է։ Այդ իսկ պատճառով Հայաստանը պետք է վերածվի մի երկրի, որն ունակ է անհրաժեշտության դեպքում իր թշնամիներին ոչ սիմետրիկ հզոր հարված հասցնել։ Երկրի զարգացման հիմնական առանցք պետք է դառնա արտաքին թշնամուն հակազդելու ուղղությամբ բոլոր ռեսուրսների միավորումը։ Հենց այս գործոնը կհանդիսանա տնտեսության և հասարակության բոլոր ոլորտների երկարաժամկետ զարգացման հիմնաքարը։

Աշխատանք

Մենք մեր առջև նպատակ ենք դնում վերածնել ամեն հայի մեջ գենետիկորեն ներդրված՝ սերը աշխատանքի հանդեպ և ապահովել արժանի վարձատրություն յուրաքանչյուրի համար։ Մենք կվերականգնենք մեր հզոր պետությունը, որը հոգ կտանի իր այն քաղաքացիների մասին, ով առողջության, տարիքի, կամ այլ օբյեկտիվ պատճառներով չեն կարող ինքնուրույն ստեղծել կյանքի հարմարավետ պայմաններ։

Արդարություն

Հայաստանի հիմնական հարստությունը քաղաքացիների տաղանդն ու աշխատասիրությունն են, իսկ պետության կարևորագույն գործառույթը՝ անձի զարգացման և յուրաքաչյուր քաղաքացու ունակությունների ազատ դրսևորման համար պայմանների ստեղծումն է, նրա իրավունքների պաշտպանությունը, անձնական և հասարակական բարեկեցության մակարդակի բարձրացումը։
Մենք հիմնվում ենք Հայաստանի տնտեսության Վերածննդի վրա, որի ազատ գործողությունը յուրաքանչյուրին հնարավորություն կտա կյանքում՝ սովորելու, արարելու, կայանալու։
Մեր հիմնական նպատակն է Հայաստանում կառուցել պետության և հասարակության այնպիսի մոդել, որի ներքո կպաշտպանվեն քաղաքացիների ճնշող մեծամասնության շահերը, կապահովվի օրենքի բացարձակ գերակայությունը։ Մենք շարժվելու ենք խառը տնտեսության վրա հիմնված սոցիալական կապիտալիզմի կառուցման ճանապարհով, որն ուղղված կլինի մարդու արժանապատիվ կյանքը և ազատ զարգացումն ապահովող պայմանների ստեղծմանը։

Հիմնական մարտահրավերները

Այսօր Հայաստանը բախվել է իր պատմության ամենաբարդ մարտահրավերներից մեկի՝ գոյատևման մարտահրավերին։ Մենք պետք է ընդունենք և գիտակցենք անցյալի անհաջողությունները և հետևություններ անենք կատարված սխալներից։

Քաղաքական ոլորտը և քաղաքացիական հասարակությունը

Գրեթե ամբողջովին ոչնչացված է իշխանության հանդեպ հասարակության վերահսկողությունը, զսպումների և հակակշիռների համակարգը չի գործում, ամենուրեք տիրում են սանձարձակ բյուրոկրատական կամայականությունն ու կոռուպցիան։

Տնտեսությունը և սոցիալական ոլորտը

Տնտեսությունը համարյա ամբողջապես փլուզված է, չկա որևէ հստակ տնտեսական քաղաքականություն, ինչը փոխարինվում է «ծակերը փակելուն» ուղղված «անմիջական կառավարմամբ», իսկ շատ դեպքերում նաև բյուջետային միջոցների ուղիղ թալանով և սեփականության՝ այդ պահին իշխանություն հանդիսացող քաղաքական ուժերի շահերից բխող վերաբաշխմամբ։

Արտաքին քաղաքականությունը

զուրկ է ամբողջականությունից և հետևողականությունից։ Նույնիսկ ավանդական դաշնակիցների հետ հարաբերությունները փլուզման եզրին են։

Ազգային արժեքների և հայ մշակույթի հանդեպ
հարգանքի վրա հիմնվելով՝

 մենք կվերածնենք կրթության լավագույն ավանդույթները՝ միաժամանակ չանտեսելով ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումն ու գիտության նվաճումները։

Վերածնված Հայաստանը

բաց կլինի հայրենադարձության և հայոց աշխարհի լավագույն ավանդույթների վերականգնման, ազգային մշակույթի, գիտության, սպորտի վերածննդի համար։

Վերածնված Հայաստանը

հիմնված կլինի ազատության, արդարության և խաղաղության սկզբունքների վրա։ Վերածնված Հայաստանը կերաշխավորի բոլոր քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական ամբողջական իրավահավասարությունը՝ անկախ կրոնական, ռասայական կամ սեռական տարբերություններից, կապահովի դավանանքի, խղճի, լեզվի, կրթության, մշակույթի ընտրության ազատությունը։

Վերածնված Հայաստանը

կապահովի երկրի զարգացումը ի շահ իր բոլոր քաղաքացիների, երիտասարդ սերնդի համար կստեղծի կայացման և ինքնահաստատման պայմաններ, իսկ տարեցներին կերաշխավորի բարեկեցիկ և ապահով ծերություն։

Մեր տեսլականը

Վերածնված Հայաստան – երկիրը կամ կվերածնվի՝ առկա ռեսուրսների փոշիացման մոդելից անցնելով առաջընթացի և նորարարական զարգացման մոդելին, կամ կկորցնի իր անկախությունը։ Այս զարգացումն ինքնանպատակ չէ, այլ գոյատևման և վերածնման միակ միջոցը։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության ծրագրի հիմնական դրույթներն են.

  1. Տարածաշրջանում Հայաստանի նոր դերի ամրապնդումը
  2. Ձեռներեցական նախաձեռնության ազատումը և նոր հիմքերով տնտեսական աճի ապահովումը
  3. Պետական կառավարման համակարգի բարելավումը, բյուրոկրատական կամայականության ոչնչացումը, և, որպես հետևանք՝ կոռուպցիայի վերացումը։
  4. Քաղաքացիների համար բարօրության վերածնունդը:
  5. Առողջապահության արդար համակարգի վերածնունդը:
  6. Կրթության համակարգի վերածնունդը։

Մեր ծրագրի յուրաքանչյուր կետի հիմքում դրված են հստակ առաջարկներ և մանրակրկտորեն մշակված միջոցառումներ։
Մենք անկեղծ հայրենասեր ենք։ Մենք հպարտ ենք Հայաստանի հզոր անցյալով և ուզում ենք համոզված լինել, որ իր ապագան փառավոր է լինելու։ Միայն մեզնից է կախված, թե ինչպիսի երկիր ենք թողնելու մեր ժառանգներին։
Վերածնվող Հայաստանը մեր հավատքն է մեր սեփական ուժերին։ Դա մեր հավատքն է ապագայի նկատմամբ։ Դա մեր վստահությունն է մեզ հաջորդող սերունդների հանդեպ։